Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ և ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ և ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
15.01.2010 | 00:00

Մեծ Բրիտանիան քսան տարուց ավելի զարգացնում է իր ռազմավարությունը, որպեսզի հասանելի դարձնի էներգետիկ և ունիվերսալ նշանակության այլ հումքի ձեռքբերումը Ռուսաստանից։ Զգալի հաջողություններով հանդերձ, այդ ռազմավարությունն առայժմ մինչև վերջ իրագործված չէ, ու այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիան մշակում է լծակների համակարգի ձևավորման քաղաքականություն, որպեսզի կարողանա տարբեր հնարքների գործադրումով ճնշել Ռուսաստանին։
Երբ երևան եկավ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի վերանայման հիմնախնդիրը, Մեծ Բրիտանիայի մի շարք հետազոտական հաստատություններում տեղի ունեցավ ստեղծված իրավիճակի քննարկում։ Մի շարք փորձագետներ հանգել են եզրակացության, որ հիշյալ պայմանագիրն իսկապես հնացել է ոչ միայն բովանդակային, այլև ավելի լայն` քաղաքական իմաստով։ Բրիտանական ԶԼՄ-ները բավականին քննադատաբար են տրամադրված, սակայն մի շարք մեկնաբաններ ընդգծում են, որ Արևմուտքի կողմից մեծ բացթողում էր ռուսական քաղաքականության այսպիսի շրջադարձին չնախապատրաստվելը։ Մանավանդ որ որոշ փորձագետներ զգուշացնում էին, որ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը վաղ թե ուշ կարող է դառնալ Ռուսաստանի ձեռքին շանտաժի ու ճնշում գործադրելու լծակ։ Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի փորձագիտական շրջանակներն այս պրոբլեմի առաջացումն ընկալեցին ավելի զուսպ, քան քաղաքական գործիչներն ու խորհրդարանականները։ Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ իրենց բավարարված են զգում, քանի որ նրանց ուսումնասիրություններն ավելի մեծ պահանջարկ են վայելում, նրանց սկսել են հրավիրել արտգործնախարարություն ու պաշտպանության նախարարություն այդ հարցերի քննարկման համար։ Մինչև այժմ պարզ չէ, թե իրականացված փորձագիտական ուսումնասիրություններից և առաջարկություններից որո՞նք ավելի նախընտրելի կլինեն կառավարության համար և արդյոք կկիրառվե՞ն կոնկրետ քաղաքական նախաձեռնությունների դրսևորման համատեքստում։
Սակայն Բրիտանիայում նոր վարչապետի և նոր արտգործնախարարի ի հայտ գալը որոշիչ հանգամանք դարձավ ՆԱՏՕ-ում և ԵԱՀԿ-ում վերոնշյալ հիմնախնդրի քննարկման հարցում առաջնորդություն ստանձնելու առումով։ ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը դաշինքի կենտրոնակայանին հանձնեց իր կառավարության առաջարկությունները, որոնք հանգում էին հետևյալին. ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հայտարարում են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի գործունեությունը կասեցնելու իրենց որոշման մասին մինչև Ռուսաստանի կողմից համապատասխան որոշումների ու հայտարարության ընդունումը։ ՆԱՏՕ-ն մշակում է նոր պայմանագրի սկզբունքները, որը պետք է ենթադրի որոշակի սահմանափակումներ և կանոնակարգում սովորական սպառազինությունների օգտագործման ոլորտում։ Վերոնշյալ պայմանագիրը բաց է լինելու նրան միանալ ցանկացողների համար։ Դրանից հետո կգա Եվրոպայում սովորական սպառազինությունների իրավիճակի ուսումնասիրման փուլը և կընդունվեն համապատասխան մասնագիտական գնահատականներ այս հարցի վերաբերյալ։ Եվ եթե պարզվի, որ Ռուսաստանը կամ մի շարք այլ պետություններ մտադիր չեն միանալու նոր պայմանագրին և լրջորեն գերազանցել են սովորական սպառազինությունների բազային մակարդակը, որ ձևավորվել էր Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակում, ապա ՆԱՏՕ-ն պետք է ընդունի նոր որոշումներ սպառազինության ոլորտում քաղաքականության հետ կապված, որոնք կհամապատասխանեն պաշտպանության և անվտանգության խնդիրներին։
Այսպիսով, Մեծ Բրիտանիայի առաջարկությունն ուղղված է սպառազինությունների մրցավազքի խթանմանը, երբ որպես հավանական հակառակորդ միանշանակ դիտարկվում է Ռուսաստանը։ Կարելի է ենթադրել, որ Մեծ Բրիտանիայի այդ քայլերն ուղղված էին ոչ այնքան տվյալ ծրագրի իրագործմանը, որքան Ռուսաստանի վրա ուժեղ ճնշման կազմակերպմանը։ ՈՒշադրության է արժանի այն, որ այդ առաջարկությունը ոչ մի կերպ կապված չէր փորձագիտական հանրության իրականացրած ուսումնասիրությունների հետ և, հավանաբար, նախօրոք չէր քննարկվել նաև ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների հետ։ Գոյություն ունեցող տվյալների համաձայն, ոչ միայն Ֆրանսիան ու Գերմանիան, այլև ԱՄՆ-ը խիստ զգուշորեն վերաբերվեցին այդ առաջարկությանը։ Համենայն դեպս, առաջարկությունը ներկայացվեց պաշտոնապես և գտնվում է դիտարկման փուլում։ Այսպիսով, Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի չեղյալ համարումը կարող էր դառնալ միաժամանակ Ռուսաստանի նկատմամբ ճնշման լծակ և նրան զիջումներ անելու միջոց` «թևերում», իր ռազմական ներուժը մեծացնելու առումով։ Այդ թվում նաև` Հարավային Կովկասում։ Այդ հանգամանքը, անկասկած, հարվածի տակ է դնում Վրաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև չի կարող ձեռնտու լինել ԱՄՆ-ին և ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ին։ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը չեզոքացնելու առումով Արևմուտքի դիմադրությունը կոտրելու դիմաց Մեծ Բրիտանիան կարող էր ձեռք բերել նավթի, գազի և հումքի նոր աղբյուրներ, քանի որ վերոնշյալ պայմանագիրը վաղուց արդեն ձեռնտու չէ Ռուսաստանին։
Հարկ է նշել, որ բրիտանական այս առաջարկությունն իրականում գուցե և ունի ավելի համակարգային բնույթ, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս նախաձեռնությունը կարող է կապակցված լինել որոշ պետությունների զինվածության մակարդակը վերանայելու խնդրին, ինչը պայմանավորված է էներգետիկ կոմունիկացիաների անվտանգության ապահովման պրոբլեմներով։ Օրինակ, լավ հայտնի է, որ Հարավային Կովկասի պետություններն արդեն վաղուց են գերազանցել սովորական սպառազինությունների գծով թույլատրված չափորոշիչները։ Այդ պատճառով էլ դրանց վերանայումը կարող է դառնալ զինվածության հետ կապված նոր իրավիճակն օրինականացնելու պայման։ Բնութագրական է, որ Հարավային Կովկասի, առանց բացառության, բոլոր պետությունները քողարկված հետաքրքրությամբ ընկալեցին Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի վերանայման հնարավոր հեռանկարը։ Սպառազինությունների ոլորտի վերաբերյալ առավել հեղինակավոր «Millitary Balance» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր, գնդապետ Քրիստոֆեր Լենկթոնի կարծիքով` «Ի սկզբանե պարզ էր, որ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, դրա պայմանները չեն կարող բավարարել Ռուսաստանին, և եթե Ռուսաստանը ձեռք բերի նոր տնտեսական հնարավորություններ և, համապատասխանաբար, քաղաքական հավակնություններ, նա ձգտելու է այդ պայմանագրի վերանայմանը։ 1999-ին ԵԱՀԿ գագաթաժողովում, ուր ընդունվեց այդ պայմանագրի վերանայված տարբերակը, պարզ դարձավ, որ սա հնարավոր սրբագրումների սահմանագիծը չէ, և ապագայում կրկին պրոբլեմներ են առաջանալու Եվրոպայում սովորական սպառազինությունների հետ կապված։ Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ձգտում է օգտագործել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի վերաբերյալ իր պահանջները որպես զուտ ճնշման լծակ, սակայն պետք է հասկանալ, որ իրական պատճառներն ավելի խորքային են։ Ռուսաստանը նոր հնարավորություններ է ուզում ստեղծել պաշտպանության ոլորտում։ Այդ պատճառով, որքան արագ հաջողվի հանգել ընդհանուր համաձայնության նոր պայմանների վերաբերյալ, այնքան ավելի լավ կլինի անվտանգության ապահովման տեսանկյունից»։ Այսինքն` Ռուսաստանին Արևմուտքը հրավիրում է երկխոսության այս հիմնախնդրի շուրջ։
Ադրբեջանական քաղաքագետները մեղադրեցին Մեծ Բրիտանիային Կասպից ծովում իրանա-ադրբեջանական հակադրություն կազմակերպելու համար և, առհասարակ, բազմաթիվ քաղաքական խնդիրների առնչությամբ։ Սակայն այդ գնահատականները շատ արագ անհետացան ադրբեջանական ԶԼՄ-ներից։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Լոնդոն) գնահատմամբ, Մեծ Բրիտանիան դրական դեր խաղաց Կասպից ծովի բաժանման և միջպետական հարաբերությունների ռեժիմի կանոնակարգման առումով։ Բրիտանական նշանավոր նավթային կոնցեռնը` «Բրիթիշ Պետրոլեումը», շատ ջանքեր գործադրեց, որպեսզի համոզի ադրբեջանական ղեկավարությանը` չբևեռացնել, այլ նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անկասկած, Մեծ Բրիտանիան շահագրգռված է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև զարգանան առավելապես տնտեսական հարաբերությունները, և արդյունքում տեղի ունենա Կասպից ծովում իրավիճակի ապաբևեռացում։ Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը հանգեցրել է Իրանի լրացուցիչ մեկուսացմանը, նրա համար Կասպից ծովում տնտեսական գործունեություն ծավալելու տեսանկյունից անբարենպաստ իրադրության ստեղծմանը։ Իրանցիները նույնպես կասկած չունեն, որ Մեծ Բրիտանիան փորձում է «դիրիժորի» դեր խաղալ Կասպից ծովի ավազանում, սակայն հարկադրված է չլուսաբանել այդ հանգամանքը, հատկապես ԶԼՄ-ներով։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան երկու տերություններ են, որոնք արդեն 30 տարի գտնվում են հակադրության մեջ Իրանի իսլամական ռեժիմի հետ, սակայն գործնականում չեն փորձել այդ ռեժիմի դեմ պայքարում օգտագործել երկրի ներքին էթնիկ հիմնախնդիրները։ ԱՄՆ-ը միշտ գիտակցել է, թե որքան վտանգավոր են իր շահերի համար ազգային շարժումները Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում։ Դրանք կարող են ստեղծել ոչ համակարգային, քաոսային իրավիճակ, ինչի լավագույն դրսևորումը միշտ եղել է քրդական ազգային-ազատագրական շարժման գործունեությունը։ Իրանի էթնիկ հիմնախնդիրները լավ պատկերացնող ամերիկյան փորձագետները միշտ պնդել են, որ այդ երկրում էթնիկ շարժումները չունեն բավարար ներուժ, անհեռանկարային են և քաղաքական առումով անիմաստ։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ վերջին շրջանում ամերիկյան ու բրիտանական ԶԼՄ-ները որոշակի չափով սկսել են լուսաբանել էթնիկական և էթնոկրոնական պրոբլեմներն Իրանում։ Ընդ որում, եթե նախկինում ավելի մանրամասն լուսաբանման էին արժանանում հիմնախնդիրներն Իրանական Քրդստանում և երկրի թուրքալեզու բնակչություն ունեցող նահանգներում, ապա այժմ բավական մանրամասն լուսաբանվում են այդ հիմնախնդիրների նույնիսկ ամենաաննշան տարրերը, որոնք վերաբերում են Իրանում բնակվող տասնյակ էթնիկական խմբերի։ ՈՒշադրության է արժանի այն, որ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում առաջատար ԶԼՄ-ներն այս հարցերին անդրադառնում են բավականին կանոնավոր հետևողականությամբ։ Թուրքիայում ստեղծված են մի շարք հասարակական և հետազոտական կազմակերպություններ, որոնց գործունեությունն ուղղված է Իրանում գոյություն ունեցող քաղաքական իրավակարգի քայքայմանը։ Ընդ որում, այդ կազմակերպություններում քիչ չեն Իրանի տարբեր էթնիկական և կրոնական խմբավորումների ներկայացուցիչները։ Այսինքն` Մեծ Բրիտանիայի շահերը Կասպից ծովում և Իրանի կապակցությամբ բոլորովին էլ ոգևորություն չեն առաջացնում Ադրբեջանում։ Բացի այդ, Մեծ Բրիտանիան երբեք իբրև պրոբլեմ չի դիտարկել Հայաստանի ու Իրանի միջև զարգացող հարաբերությունները։ Ընդհակառակը, նա խրախուսել է Իրանի ջանքերը` Հարավային Կովկասում իր դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ։
Հիմա այլևս ոչ ոք չի բացառում այն վարկածը, որ ՎՈՒԱՄ կազմակերպությունը, իբրև նախագիծ, ժամանակին զգալի չափով մշակված է եղել բրիտանացիների կողմից։ Այդ նախագծի ձևաչափն ու տրամաբանությունն այնքան ընդգծված են արտահայտում բրիտանական շահերը` Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու առումով, որ ակնհայտ է դարձնում, թե ԱՄՆ-ն այստեղ խաղացել է միայն ֆինանսական և ընդհանուր հովանավորի դեր։ ՎՈՒԱՄ-ը դարձել է Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նախաձեռնության կարևոր մասն ու բաղադրիչը, և նրա գործունեությունը միանգամայն համապատասխանել է Մեծ Բրիտանիայի մտադրություններին Կովկասում ու Եվրասիայում առհասարակ։ ՎՈՒԱՄ-ի գործունեության հետ կապված որոշակի հիասթափությունն ազդակ դարձավ նաև Վրաստանի համար` իր արտաքին քաղաքականությունը վերաիմաստավորելու առումով։ Ժամանակին Վրաստանի էկոնոմիկայի և տնտեսական բարեփոխումների նախարար Կախա Բենդուկիձեի բնորոշմամբ. «ՎՈՒԱՄ-ն ի սկզբանե պարունակում է տապալման հավանականություն և արդյունավետության բացակայություն։ Վաղուց ժամանակն է պարզաբանելու, թե որոնք են այս նախագծի անհաջողության պատճառները, այլ ոչ թե համառությամբ, ամեն գնով փորձել առաջ մղել այն»։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այժմ փորձում է դուրս գալ զուտ էներգետիկ նախագծերի շրջանակից և Վրաստանի գործընկերներին առաջարկել այլ բազմաբնույթ տնտեսական ծրագրեր։ ՈՒշագրավ է, որ ՎՈՒԱՄ-ի մասով Վրաստանին գնալով ավելի են հետաքրքրում այդ կազմակերպության շրջանակում ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հնարավորությունները։ Առաջին հերթին դա հետևանք է այն բանի, որ Ռուսաստանի քաղաքականությունը հանգեցրել է էներգետիկ հոսքերի զգալի սրբագրման։ Երկրորդ` ՎՈՒԱՄ-ի շրջանակներում դրսևորվող նախաձեռնությունները, չնայած ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հռչակագրային բնույթի աջակցությանը, այդպես էլ չարժանացան միջազգային ընկալման ու աջակցության։ Երրորդ` ՈՒկրաինայում քաղաքական իրադրությունը խիստ անկայուն է և կառավարող էլիտայի հնարավոր փոփոխությունը, անկասկած, իր ազդեցությունը կթողնի ՎՈՒԱՄ կազմակերպության վրա և, չի բացառվում, որ կհանգեցնի այդ ծրագրի վերջնական տապալմանը։ Դրանից ելնելով էլ Սաակաշվիլին փորձում է ձեռք բերել ՈՒկրաինայում և Ադրբեջանում գործունեություն ծավալող ազդեցիկ գործարար շրջանակների աջակցությունը և տնտեսության մեջ ստեղծել նոր ոլորտներ։ Նրա հանձնարարությամբ վրացական քաղաքական գործիչները, խորհրդարանի առանձին խմբակցությունների ներկայացուցիչները փորձում են շփումներ և երկարաժամկետ հարաբերություններ ձևավորել ՈՒկրաինայում գործող տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և ինտելեկտուալ շրջանակների հետ։
ՈՒկրաինան դարձել է վրացական արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը, և այդ համատեքստում դիտարկվում են հարաբերությունների զարգացման տարբեր ձևաչափերը, օրինակ, Սևծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում։ Սաակաշվիլին փորձում է ՈՒկրաինայի հետ պայմանավորվածություններ ձևավորել արդյունաբերության, այդ թվում նաև` պաշտպանական արդյունաբերության զարգացման ոլորտում։ Առաջ են քաշվում ոչ ծավալուն, բայց հնարավոր է հետաքրքիր ծրագրեր երկու երկրների առանձին ընկերությունների ու ձեռնարկությունների միջև կոոպերացիայի վերաբերյալ։ Վրաստանի նախագահը սկսել է որոշ անվստահությամբ վերաբերվել Արևելյան Եվրոպայի երկրների առաջարկություններին, սակայն ՈՒկրաինայի հետ նա տնտեսական զարգացման լուրջ հեռանկարներ է կապում։ Սաակաշվիլին ՈՒկրաինան դիտարկում է որպես կարևոր գործընկեր Ռուսաստանին հակազդելու առումով։ Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ Վրաստանում էներգետիկ բնույթի նախագծերի բացարձակ մեծամասնությունն իրագործվել է ՎՈՒԱՄ-ի շրջանակներից դուրս, դա ցույց է տալիս, որ ընդհանուր առմամբ այս ծրագիրը, չնայած իր գործունեությունը վերականգնելու և ակտիվացնելու բազմաթիվ փորձերին, տապալված է և ապրել է իր ֆիասկոն։ Անհնար է այս կազմակերպությունը գործունակ և արդյունավետ դարձնել և անգամ պահպանել` նրա մեջ ներգրավելով Լեհաստանին, Ռումինիային և մի քանի այլ երկրների։
Ըստ առկա հավաստի տվյալների, Սաակաշվիլին առաջարկել է Վիկտոր Յուշչենկոյին ստորագրել երկկողմանի «մեծ պայմանագիր», որը կունենար ռազմավարական նշանակություն և բովանդակություն։ Դա հնարավորություն կտար ՎՈՒԱՄ-ը վերածելու տարածաշրջանային նշանակության միանգամայն ինքնուրույն միավորման, որը, օբյեկտիվորեն հեռանալով Ռուսաստանի հետ հակադրության նպատակներից, կսկսեր աշխատել նրա անդամ պետությունների, և ոչ թե արևմտյան հովանավոր երկրների շահերից ելնելով։ Սակայն բրիտանական քաղաքականության տրամաբանության շրջանակներում ՎՈՒԱՄ-ն արդեն կատարել է իր խնդիրը և պետք է դադարի գոյություն ունենալուց։ Իհարկե, դրա դիմաց բրիտանացիները կձգտեն պայմանավորվածություն ձեռք բերել Ռուսաստանի հետ տնտեսական և բնական պաշարների շահագործմանն առնչվող հարցերում։ Ստեղծվում է տպավորություն, որ ՎՈՒԱՄ-ի վերջը տալու ազդակները տրվել են Լոնդոնից, և Ռուսաստանը, իհարկե, կարող էր անհրաժեշտ ձևով գնահատել բրիտանական քաղաքական գործիչների այս ծառայությունը։
Կոսովոյի ստեղծման նախագիծը գործողության մեջ դնելը նույնպես սերտորեն կապված է Մեծ Բրիտանիայի գլոբալ ռազմավարության հետ` Գերմանիայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Բեռլինի գործընկեր պետությունների աշխարհաքաղաքական շրջափակումն իրականացնելու նպատակով։ Նպատակը` թույլ չտալ, որ ստեղծվի բացառապես գերմանական ազդեցության ներքո գտնվող գոտի։ Վրացական հասարակությունը Կոսովոյի նախադեպն ընկալեց իբրև Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր նախադեպ։ Բնութագրական է, որ Ռուսաստանում էլ Կոսովոյի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը նույն ընկալմանն է արժանանում։ Վրաստանում, բնականաբար, հույս ունեն, որ Կոսովոյի հիմնախնդրի լուծման ժամանակ կիրառված մոտեցումները չեն դառնա նախադեպ համանման այլ հակամարտությունների կամ հիմնախնդիրների լուծման պարագայում։ Արևմտյան հանրությունը և ամենից առաջ ամերիկացիները Վրաստանին ներկայացնում են Կոսովոյի նախադեպի տարածման իրենց տեսլականը` որպես Վրաստանի ազգային շահերի պաշտպանության կարևոր պայման։ Ամերիկացիներն ու բրիտանացիներն ամեն կերպ ընդգծում են, որ անթույլատրելի է տվյալ օրինակի կամ նախադեպի կիրառումն Աբխազիայի, Հարավային Օսիայի և այլ անկախություն հռչակած, բայց չճանաչված հանրապետությունների պարագայում։
Միաժամանակ Կոսովոյի հարցի քննարկումը ՄԱԿ-ում ցույց տվեց, որ Ռուսաստանը հետևողականորեն որդեգրել է դիրքորոշում` թույլ չտալ անջատականության գլոբալ և վտանգավոր «ազատ արձակումը» այս նախադեպի հիմքի վրա։ Եվ այս հանգամանքը, ինչպես ոչ մի այլ բան, ընդհանրացնում է Ռուսաստանի և Վրաստանի դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և որոշ եվրոպական պետությունների դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ պետք է ընկալել բոլորովին այլ կերպ, քան ընդունված է լուսաբանել ԶԼՄ-ներում ու քաղաքական գրականության մեջ։ Այդ դիրքորոշումը կամ սկզբունքն այն է, որ որևէ սկզբունք ընդհանրապես գոյություն չունի։ Կոսովոյին անկախություն տալուց հետո շատ շուտով այդ գործընթացի նախաձեռնողները կշարունակեն նույն սկզբունքի իրագործումն այլ չճանաչված պետությունների նկատմամբ, որովհետև այն լիովին տեղավորվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի որոշակի դոկտրինի շրջանակներում։ Բացի այդ, ամերիկյան տերմինաբանությամբ` «չվերահսկվող տարածքների» անկախացման յուրաքանչյուր փուլում այդ գործընթացը կունենա տարբեր նպատակներ և գործառույթներ։ Այսօր Կոսովոն Եվրոպայում ունի ինչպես բազմաթիվ աջակից պետություններ, այնպես էլ շատ հակառակորդներ։ Եվ նախորդ փուլում այդ երևույթը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ԱՄՆ-ի կիրառած հաջողված հնարք` ընդդեմ Եվրոպայի և ոչ թե Ռուսաստանի։
Այնուհանդերձ, Կոսովոյի անկախության հռչակումից հետո այդ գործոնն օգտագործվում է արդեն Ռուսաստանի դեմ։ Հաջորդ փուլում Կոսովոն, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսը կդառնան շատ հարմար «խայծ»` Մերձավոր Արևելքում քաղաքական ծրագրավորում իրականացնելու համար։ ԱՄՆ-ին ակնհայտորեն ձեռնտու չէ Եվրասիայում և Մերձավոր Արևելքում սահմանների ներկայիս կոնֆիգուրացիան, և տարբեր չճանաչված պետությունների անկախացման խնդիրը երկարաժամկետ հեռանկար ունի։ Հենց այդ դոկտրինի իրագործման ճանապարհին էլ կհայտնվի Վրաստանը` ընկնելով սկզբունքային գեոռազմավարական գործընթացի «անիվների» տակ։ Եվ խնդիրն արդեն այն չէ, որ Աբխազիան ու Հարավային Օսիան այլևս երբեք չեն վերադարձվի Թբիլիսիի քաղաքական վերահսկողության ներքո։ Այդ հարցը ոչ միայն կանխորոշված է, այլև լուծված անշրջելիորեն ու անվերադարձ և փաստը գործնականում ճանաչել է միջազգային հանրությունը։ Սակայն կարող է ի հայտ գալ նոր հանգամանք, երբ այս երկու պետությունների անկախությունը կարժանանա միջազգային ճանաչման կամ դրանք կճանաչվեն իբրև Ռուսաստանի մաս։ Հաճախ ռազմավարական դոկտրիններն ավելի քիչ են կարևորում, քան դրանց իրագործման քաղաքական ոճն ու հնարքները և այդ ոճից բխող հետևանքները։ Անկասկած է, որ վերոնշյալ պրոբլեմների առնչությամբ մշակվել է գործողությունների միասնական հայեցակարգ, և այն, մոտեցումների տարբերությամբ հանդերձ, նպատակ ունի համոզելու նախկին «մետրոպոլիաներին», որ անհրաժեշտ են սկզբունքային զիջումներ, նույնիսկ չճանաչված պետությունների անկախությունը ճանաչելու ճանապարհով։ 2008-ի օգոստոսից հետո Վրաստանին վիճակված է միայն լուռ հետևել, թե ինչպես են իր երկու նախկին նահանգներն ինտեգրվում Ռուսաստանի Դաշնության մեջ, ինչպես նաև մաս կազմում եվրոպական ծրագրերին։
Բայց սրանք մոտակա խնդիրներն են։ Ավելի հեռահար նպատակներն ի հայտ կգան Աֆղանստանում և Պակիստանում, սակայն ամենամեծ ինտրիգը միջնաժամկետ խնդիրների իրագործման մեջ է։ Այդ իմաստով կասկած չկա, որ Կոսովոն իսկապես նախադեպ չէ, այն նախադեպ չէ աշխարհաքաղաքական լճացման։ Այդպիսի գործոնը չի ստեղծվում նրա համար, որ «չաշխատի» ամբողջ ուժով։ Նախադեպերի մասին այլևս խոսք լինել չի կարող, գործընթացը մղվելու է առաջ։ Կոսովոն ցույց տվեց, որ Վրաստանի արմատական շահերը օնթոլոգիական հակադրության մեջ են օվկիանոսյան պետությունների շահերի հետ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ